Կառավարությունը որոշել է հորդորել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պատժամիջոցներ կիրառել այն կառուցապատողների նկատմամբ, որոնք օրինական թույլտվություն են ստանում շինարարություն սկսելու, բայց այն անավարտ են թողնում։ Հիշեցնենք, որ շինարարության թույլտվություն տալիս է կամ համայքնի ղեկավարը, կամ մարզպետը (եթե համայնքի սահմաններից դուրս է)։ Նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությունը տրվում է սովորաբար 2 տարի ժամկետով։
Եթե ժամկետն անցնելուց հետո շինարարությունն անավարտ է մնում՝ թույլտվություն տրամադրած մարմինը իրավունք ունի կիրառել վարչական միջոցներ։ Մասնավորապես՝ նշանակել տուգանք նախահաշվային արժեքի 1 տոկոսի չափով։ Եթե կառուցապատողը չդիմի շինարարության ժամկետը երկարաձգելու խնդրանքով՝ ապա իրավասու մարմինը դիմում է դատարան՝ օբյեկտը վաճառելու հայցով։
Եթե կառուցապատողը շինարարության համար սահմանված երկարաձգված ժամկետում եւս չի ավարտում շինարարությունը եւ այն չի վաճառում, ապա կտուգանվի նախահաշվային արժեքի 10 տոկոսի չափով, որից հետո այն վաճառքի կհանվի դատարանի միջոցով։
Բոլոր այս պատիժները գործող օրենսդրությամբ արդեն սահմանված են, սակայն համայնքների ղեկավարները կամ մարզպետները չիմացության պատճառով կամ գուցե միտումնավոր այս վարչական լծակները չեն կիրառում։ Կառավարությունը պարզապես մի ուղեցույց է կազմել եւ տրամադրելու է համայնքներին՝ որպեսզի առաջնորդվեն դրանով։ Ուղեցույցը այսօր կառավարության նիստում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորեց ավելի հետեւողական լինել անավարտ շինարարության օբյեկտների տերերի դեմ պատիժներ կիրառելու հարցում։




























