Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կորոշի, որ մարդն իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունք ունի: Փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով ՄԻԵԴ-ում քննարկված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին՝ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա խոսքով, գործի ընթացքում քննարկվում է ոչ թե Հայոց ցեղասպանության իրողության, այլ խոսքի ազատության հարցը, որքանով է այդ իրավունքը սահմանափակվում: «Հարկավոր է նաեւ հասկանալ, որ ՄԻԵԴ-ը, ի տարբերություն ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի, զուտ իրավական մարմին չէ, այնտեղ զգալի դեր են խաղում քաղաքական մի շարք գործոններ: Հաշվի առնելով մեր պետության ներկա վարկանիշը, ես այնքան էլ լավատես չեմ, որ Մարդու իրավունքների եվրադատարանը միանշանակ ի օգուտ հայկական կողմի որոշում կկայացնի»,- նշեց Պապյանը՝ հավելելով, որ կլինեն որոշակի նրբություններ, բայց որոշման էությունն այն կլինի, որ խոսքի ազատությունը չի կարող սահմանափակվել:
Այդ դեպքում արդյո՞ք քաղաքագետը երկակի չափանիշների կիրառում չի տեսնում հարցին ի պատասխան՝ Արա Պապյանը նշեց, որ դրանք, իհարկե, կան: «Հոլոքոստի պարագայում խոսվում է Նյուրնբերգի դատավարության մասին, բայց եթե վերցնենք Նյուրնբերգի գործի փաստաթղթերը, կտեսնենք, որ այնտեղ Հոլոքոստի մասին՝ որպես ցեղասպանության, ոչինչ չկա: Եվ չէր կարող լինել, քանի որ այդ ժամանակ՝ 1945-46 թվականներին, ցեղասպանությունը միջազգային հանցագործություն չէր համարվում: Կոնվենցիան ընդունվել է ավելի ուշ՝ 1948 թվականին»,- հիշեցրեց Արա Պապյանը:
Հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, կայացան «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով դատալսումները: Հայաստանը, ինչպես նաեւ Թուրքիան, հանդես է գալիս որպես երրորդ կողմ: 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին դատապարտեց Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Փերինչեքը դիմեց ՄԻԵԴ-ի Ստորին պալատ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին Եվրադատարանը բավարարեց Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկեց այդ որոշումը:





























