Երեւանի քաղաքապետարանը ոչ միայն լուրջ աշխատանքներ է տանում Կենտրոնի որոշ հատվածներ ծաղկապատելու ուղղությամբ, այլեւ ծաղկապատված ու բարեկարգված հատվածներում քաղաքացիների ելքումուտքը թեթեւացնելու՝ Կենտրոնը բեռնաթափելու ուղղությամբ: Իսկ այս ծրագիրն իրականացնելու համար պետք է բոլոր վարչական շրջաններում կառուցել հանրային կենտրոններ, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրին հանգստանալ ու զվարճանալ տեղում՝ իր վարչական շրջանում: Սույն գաղափարը կյանքի կոչելու համար արդեն հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարներին՝ համագործակցել «Երեւաննախագիծ» ինստիտուտի հետ ու մշակել համապատասխան հասարակական կենտրոնների նախագծերը:
Իհարկե, երեւանցիների ժամանցի հետ կապված քաղաքապետի սույն մտահոգությունը խրախուսելի է, սակայն անհասկանալի է գործողությունների տրամաբանությունը, մի կողմից հանգստի համար նախատեսված այգիները ծառահատում ու վերածում են տարատեսակ օբյեկտների, (օրինակ՝ Ուսանողական, Օղակաձեւ այգիները), մյուս կողմից լուրջ գումարներ են ծախսում՝ հանգստի համար նոր այգիներ ու գոտիներ ստեղծելու համար: Քաղաքապետարանի վերոնշյալ բացառիկ գաղափարի վերաբերյալ NEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է փորձել լսել փոխքաղաքապետ Կամո Արեյանից:
Պարոն Արեյան, կմանրամասնե՞ք, ինչ են նշանակում հանրային կենտրոնները ու ինչո՞ւ դրանց անհրաժեշտությունը զգացվեց:
Ծրագիրը մշակման փուլում է, երբ որ դառնա ծրագիր,կասեմ:
Անհասկանալի է այդ ձեւակերպումը, միգուցե բացատրե՞ք:
Ընդհանուր օգտագործման այգիներ՝ իրենց ենթակառուցվածքներով, որտեղ մարդիկ դուրս գան, հանգստանան, զբոսնեն, ինչպես ասենք՝ քաղաքիկ կենտրոնում:
Այսինքն՝ուզում եք կենտրոնը բեռնաթափե՞լ:
Ե՛ւ կենտրոնը բեռնաթափվի, ե՛ւ ամեն մարդու հանգիստը, ընդհանուր օգտագործման միջավայրը լինի իր թաղամասին մոտիկ:
Դուք, որպես հանգստի գոտի՝այգիներ եք նշում, բայց կա՞ն պատրաստի այգիներ, թե՞ նոր պիտի ստեղծեք:
Եթե հնարավոր է վերակառուցել, կվերակառուցենք, կբարեկարգենք, եթե ոչ, ապա նորը կստեղծենք: Համենայնդեպս, յուրաքանչյուր վարչական շրջաններում այդպիսի հանգստի մեկական տարածք պետք է կառուցվի:
Իսկ ձմեռային զվարճության համար ի՞նչ եք կառուցելու:
Հիմա ծրագիրը մշակման փուլում է, թե ինչպիսի ենթակառուցվածքներ կունենա, դա հետո կերեւա՝ բաց, թե փակ:
Իսկ որքա՞ն գումար եք նախատեսել վարչական շրջաններում այդ հասարակական կենտրոնների ստեղծման համար:
Բոլորը քննարկման փուլում է:
Հանրապետության հրապարակի մետրոյի շրջակայքը խայտառակ վիճակում է, ինչո՞ւ չեք բարեկարգում:
Ծրագրում կա, էնտեղ քաղաքաշինական խնդիր կա, ընթացքում կբարեկարգենք:
Անցումների փլված աստիճանների ուղղությամբ ի՞նչ եք անում, օրինակ՝ Երիտասարդականի գետնանցումով իջնել-բարձրանալն արդեն խնդիր է:
Այ, հիմա դա է քննարկվում, հիմա էլ անցումների պահպանման, շահագործման խնդիրն է քննարկվում:
Իսկ շատրվանների քանակն ինչո՞ւ է նվազել, խնայողությո՞ւն եք անում:
Գործում են, գրեթե բոլորը գործում են, դուք կենտրոնից էն կողմ չե՞ք գնում:




























