ՌԴ Սարատով քաղաքի բնակիչները ականատես են եղել անսովոր երեւույթի. քաղաքում նարնջագույն ձյուն է տեղացել։ Այս մասին հաղորդում է «Սվոբոդնիե նովոստի» լրատվական գործակալությունը։ Շրջակա միջավայրի մոնիտորինգի եւ օդերեւութաբանության շրջանային կենտրոնում տեղի ունեցածը բացատրել են տարածաշրջանում Արեւմտյան Սահարայից ներթափանցած ցիկլոնով։
«Օդային զանգվածները տարածաշրջան են ներթափանցել Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական եւ Սեւ ծովերի վրայով։ Սահարայից ներթափանցած փոշոտ օդային զանգվածները, կուտակելով անհրաժեշտ քանակությամբ ավազ եւ խոնավություն, «ոռոգում են» երկրի Եվրոպական հատվածն ու Ղրիմի թերակղզին։ Անսովոր գույնի պատճառը ավազն է»,- հայտարարել է շրջանային օդերեւութաբանական ծառայության ղեկավար Միխաիլ Բոլտուխինը՝ հավելելով, որ նարնջագույն անձրեւը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում։




























