Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմի երկրպագուները հատուկ կայքի միջոցով ժապավենի համար ավելի քան 1 մլն ռուբլի են փոխանցել: Դրամահավաքն ավարտվելու է փետրվարի 5-ին, ֆիլմի՝ կինովարձույթում հայտնվելու օրը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուսական պրեմիերայից մեկ ամիս առաջ ցանցում ֆիլմի dvd-պատճենի հայտնվելուց հետո, անկախ digital-պրոդյուսեր Վյաչեսլավ Սմիրնովը կայքում դրամահավաք է սկսել ժապավենը ստեղծած թիմի համար՝ հանդես գալով ծովահենության դեմ:

Ներկայում կայքի հաշվիչը ցույց է տալիս, որ ավելի քան 1 մլն ռուբլի է հավաքվել: Ամեն վայրկյան գումարն ավելանում է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, ֆիլմի հեղինակները շնորհակալություն են հայտնել Սմիրնովին նախաձեռնության համար՝ նշելով, որ հավաքված միջոցները փոխանցելու են «Կյանք նվիրիր» հիմնադրամին:

Կաննի կինոփառատոնի դափնեկիր «Լեւիաթան»-ը բազմաթիվ մրցանակների է արժանացել եվրոպական փառատոններում, մասնավորապես, Գրան Պրի՝ Լոնդոնի 58-րդ կինոփառատոնում, Գրան Պրի՝ Մյունխենի փառատոնում, գլխավոր մրցանակ՝ սերբական Պալիչի կինոփառատոնում, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս»: «Լեւիաթան»-ն առաջադրվել է բրիտանական BAFTA-ի եւ «Օսկար»-ի՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: