Միջազգային հանրությունը ի վիճակի չէ կարգավորման առաջարկվող բանաձեւի իրականացման դեպքում լիովին երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը: ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի առաջարկին, ըստ որի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահները պիտի զինված չլինեն, դիտորդների դեր կատարեն եւ չկարողանան խաղաղության հարկադրել: Ինչպես նշել էր ամերիկացի համանախագահը, դա պայմանավորված է նրանով, որ Կոսովոյի եւ Բոսնիայի փորձը ցույց է տվել, որ խաղաղապահ ուժերը ի վիճակի չեն կանխել զինված հակամարտությունը, եթե հակամարտության կողմերից մեկը դա չի ցանկանում: «Իր խոսքերով պրն. Բրայզան, ըստ էության, խոստովանեց, որ միջնորդների առաջարկած հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, չի կարող իրագործվել, որ միջազգային հանրությունը ի վիճակի չէ կարգավորման առաջարկվող բանաձեւի իրականացման դեպքում լիովին երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, քանի որ խաղաղապահ ուժերը հակամարտության կողմերի կառավարման, հակամարտության տարածաշրջաններում խաղաղության պահպանման հիմնական գործիքներից մեկն են միջազգային հանրության զինանոցում: Սակայն քննության առնելու պարագայում պարզվում է, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, եթե հակամարտության կողմերից մեկը խաղաղություն չի ցանկանում»,- նշել է Պետրոսյանը եւ հավելել, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս խնդիրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը առաջարկում է լուծել ագրեսորին` Ադրբեջանին, հանդարտեցման միջոցով. «Ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության հաստատմանը: Ընդհակառակը, այն հանգեցնում է լարվածության ուժեղացման ու պատերազմի»:
ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղի բնակչության անվտանգությունը երաշխավորված չէ
Պատմություն
Տեղադրություն



















