Փետրվարի 18-ին Թբիլիսիի Պետքարտուղարության շենքի մոտ պլանավորվում է նախադեպը չունեցող ակցիա կազմակերպել։ Գուրջանի շրջանի (Կախեթիի շրջան, Արեւելյան Վրաստան) Վազիսուբանի գյուղի բնակիչները մտադիր են հանրահավաքի դուրս գալ կովերի հետ։
Բողոքի ցույց կազմակերպելու մասին խնդրագիրը հիմնականում ստորագրում են Ղարիբաշվիլիի ազգանունը կրող ընտանիքների անդամները։ Նրանք վարչապետից պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. մայիսի 13-ի որոշումը, համաձայն որի՝ «Վազիսուբանի հողեր» ընկերությանը պատկանող հողերի վաճառքի դիմաց կառավարությունը պարտավորեցրել էր ընկերությանը խաղողի այգիներ տնկել այնտեղ եւ 700 հազար լարիի չափով ներդրումներ ներգրավել։ Սրա արդյունքում գյուղը ամբողջովին զրկվել է հանդերից։
Խնդրագիրը ստորագրած քաղաքացիները վարչապետին վերջնաժամկետ են տվել մինչեւ փետրվարի 18-ը։ Այդ օրը նրանք պլանավորում են Պետքարտուղարության դիմաց «կովերի հանրահավաք» անցկացնել։





























