Walt Disney Co. ընկերության սպառողական ապրանքների դեպարտամենտի եկամուտը «Սառը սիրտ» մուլտֆիլմի հուշանվերների շնորհիվ 22%-ով աճել է: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Նման աճ է արձանագրվել դեկտեմբերի 27-ին ավարտված եռամսյակում: Disney Consumer Products-ի եկամուտը հասել է 1.4 մլրդ դոլարի:
Ըստ Gazeta-ի, դեպարտամենտի օպերացիոն եկամուտներն աճել են 46%-ով՝ հասնելով 626 մլն դոլարի: Ֆինանսական գլխավոր տնօրեն Ջեյ Ռասուլոն նշել է, որ եկամուտի աճի տեմպերի խոշորագույն դրայվերներն են եղել «Սառը սիրտ» մուլտֆիլմի հետ կապված տիկնիկները, խաղալիքներն ու այլ հուշանվերներ:
Մուլտֆիլմը կինովարձույթում հայտնվել է 2013 թվականի նոյեմբերին եւ գրեթե 1.3 մլրդ դոլար է հավաքել ամբողջ աշխարհում՝ զգալիորեն գերազանցելով Disney-ի ակնկալիքները: Ընկերության ղեկավար Բոբ Այգերը հաղորդել է, որ հունվարին մուլտֆիլմի ապրանքների պահանջարկը չի նվազել եւ հետագայում կարող է նույնիսկ աճել՝ ժապավենի 7 րոպեանոց կարճամետրաժ տարբերակի շնորհիվ, որը մարտից կինոթատրոններում ցուցադրվելու է «Մոխրոտ»-ից առաջ:




























