«Թուրքիայի հիմքը գաղափարախոսությունն է, որը հագեցված է Աթաթուրքի տարբեր կոչերով։ Երբ Թուրքիայի քաղաքացիների մոտ արթնանա այն գիտակցությունը, որ կարելի է չընդունել այդ գաղափարախոսությունը, ապա դա կարող է հարվածել թուրքական պետականության եւ պետության հիմքերին»,-այս մասին այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կոնֆերանսում հայտարարեց բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքերով, նման զարգացումները կարող են ճանապարհ դառնալ Թուրքիայում գոյություն ունեցող տարբեր տաբուների ճեղքմանը։ Թուրքիայի խառնիճաղանջ բնակչություն ունեցող եւ ձուլված ժողովուրդը կասկածում է իր էթնիկ ծագման վերաբերյալ, որից էլ թուրք հասարակության մեջ տարածվել է էթնիկ ինքնության ճգնաժամը։ «Այդ խնդիրը այնքան ակտուալ է դարձել, որ Թուրքիայի վարչապետ էրդողանը անդրադարձել է դրան եւ փորձել է սահմանում տալ, ասելով, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են ունենալ երկու ինքնություն՝ վերին, որի մեջ մտնում են միայն թուրքերը եւ ներքին, որի մեջ մտնում են հայերը, հույները,քրդերը եւ այլք»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։



















