Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն օրերս հունական «Օլիմպիակոսից» տեղափոխվեց «Կերկիրա»: Թե ի՞նչ այլ առաջարկներ ուներ Ղազարյանը և, երբ տեղի կունենա նրա նորամուտը նոր թիմում ֆուտբոլիստը պատմեց NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում.
Գեւորգ ինչո՞ւ ընտրեցիր հենց «Կերկիրան» : Այլ տարբերակներ կայի՞ն:
Կային տարբեր առաջարկներ: «Կերկիրան» ցանկություն հայտնեց ինձ ձեռք բերելու: Ես հանդիպեցի ու խոսեցի թիմի նախագահի և մարզիչի հետ: Հոգեհարազատ զգացողություն կար, և հասկացա, որ ես պետք եմ թիմին: Ուրախ եմ, որ տեղափոխվեցի այստեղ: Առաջարկներ ունեի Ռուսաստանից, Իսրայելից, Կիպրոսից, Հունաստանից: Կիպրոսն ու Իսրայելն ինձ համար նոր առաջնություն կլինեին, Հունաստանին ծանոթ էի, իսկ Ռուսաստանի հարցում կարծեցի, որ առայժմ ավելի լավ է ես այստեղ լինեմ:
Տեղափոխությունդ Մինո Ռայոլա՞ն է իրականացրել:
Ռայոլան տեղյակ է ամեն ինչից, բայց այս անգամ նա չընտրեց թիմը: «Կերկիրան» միանգամից դիմեց «Օլիմպիակոսին», և թիմերը համաձայնության եկան:
Ե՞րբ տեղի կունենա նորամուտդ «Կերկիրայում» :
Ամենայն հավանականությամբ, հենց եկող կիրակի նորամուտս կնշեմ «Կերկիրայում» :
Խոսե՞լ ես մարզիչի հետ: Ի՞նչ է սպասում քեզանից, նույն դիրքո՞ւմ է քեզ տեսնում:
Մարզիչի հետ խոսել եմ` նա իմ խաղին հետևել է, շատ լավ գիտի իմ խաղաոճը և ցանկություն է հայտնել ինձ տեսնել իր թիմում: Կարծում եմ՝ խաղալու եմ իմ մշտական դիրքում:
Քեզ արդեն պատմե՞լ են, թե ինչ են սպասում թիմից այս մրցաշրջանում:
Գլխավոր նպատակն է պահպանել տեղը Հունաստանի Սուպեր Լիգայում և հեռու մնալ վտանգավոր գոտուց:
Մինչ տեղափոխվելը ի՞նչ գիտեիր քո նոր թիմի մասին:
Գիտեի, որպես մրցակից թիմ: «Կերկիրան» մեծ ու հարուստ պատմություն ունեցող թիմ չէ, բայց միշտ ձգտում է պահպանել իր դիրքը Սուպեր լիգայում:





























