Ռուսաստանի հաղորդակցության եւ կապի նախարարությունը կանխատեսում է, որ մամուլի մոտ 60 հազար աշխատակիցներ կարող են զրկվել իրենց աշխատանքից, գրում է «Իզվեստիա» թերթը: Նման տվյալներ են ներկայացվել աշխատանքի շուկայում դիտարկման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում:
Նշվում է, որ ներկայումս տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատում է մոտ 500 հազար մարդ: Շուտով այդ թիվը կարող է կրճատվել 15-20 տոկոսով: Կրճատվածներից ոմանց կառավարությունը կառաջարկի վերաորակավորման դասընթացներ անցնել:
«Մեդիա ոլորտը ռուսական տնտեսության ամենազգայուն գոտիներից մեկն է, որը կախված է արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների բացասական դինամիկայից»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՏԱՍՍ-ը կրճատում է իր աշխատակիցների 25 տոկոսին, իսկ մյուսների աշխատավարձը մտադիր է կրճատել 20 տոկոսով:




























