Փարաքար գյուղի բնակիչները ցնցված են երեկ՝ փետրվարի 5-ին, տեղի ունեցած դաժան սպանությունից:
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտ Զաքեւոսյանի ընտանիքը ոչնչով աչքի չէր ընկնում, գյուղում փոքրիկ խանութ ունեին, որն էլ նրանց ապրուստի միջոցն է եղել:
«Անահիտն ամուսնացած էր, ամուսնու հետ խանութ էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահինտ ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, եւ այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը»,- ասաց գյուղապետը:
Սամվել Վարդանյանի խոսքով՝ այս պահին դեռեւս դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 5-ին՝ ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 13 տան ննջասենյակում հայտնաբերել է նույն տան բնակչուհի, 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով: Կատարվում է քննություն:





























