Ֆինն գիտնականները հանգել են եզրակացության, որ մարդկության էվոլյուցիան շարունակվում է՝ չնայած բնական ընտրության թվացյալ բացակայությանն ու մահացության ցածր մակարդակին: Ըստ Evolution ամսագրի, հետազոտողները կարծում են, որ նշված գործոնները միայն մատնանշում են սոցիալական զարգացումը, բայց չի բացառում կենսաբանական էվոլյուցիան:
Գիտնականներն ուսումնասիրել են ֆիննական ընտանիքների ժառանգական արխիվները՝ սկսած 17-րդ դարից, ինչպես նաեւ վերլուծել մարդկանց արտաքին, ֆիզիոլոգիական եւ սոցիալական փոփոխությունները: Այնուհետեւ նրանք այդ փոփոխությունները համադրել են ԴՆԹ-ի մուտացիայի հետ: Արդյունքում պարզվել է, որ ֆինների նախնիներին բնորոշ գծերի բազմաթիվ փոփոխությունների պատճառը ոչ թե սոցիալ-տնտեսական պայմաններն են եղել, այլ գենետիկ մուտացիաները, որոնք մատնանշում են շարունակվող բնական ընտրությունը:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, հետազոտողները նաեւ նշել են, որ վերջին հարյուր տարվա ընթացքում գենետիկ մուտացիների թիվը ոչ թե նվազել, այլ ավելացել է: Նրանց խոսքով, դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ժամանակակից աշխարհում մարդկային գեների խաչաձեւումը չի սահմանափակվում բարոյական եւ էթիկական նորմերով: Իրենց դերն ունեն նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ամուսնալուծությունները, կրկնակի ամուսնությունները եւ արտամուսնական երեխաների ծնունդը:



























