«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց դրական դինամիկայով: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը:
Նրա խոսքով` ձեռներեցը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանության աշխատակիցները:
«Կազմակերպված հանցագործություն է: Արտակը երբեք որեւէ կապ չի ունեցել եւ չունի քրեական հեղինակությունների, քրեաօլիգարխիկ աշխարհի հետ: Նա վերջին հինգ տարիներին հասարակական գործունեություն է ծավալում: Այստեղից մի հետեւություն` ոճիրը կապված է Արտակի հասարակական գործունեության հետ»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:
Ծեծված ձեռներեցի եղբոր պահանջը պատկան մարմիններից հետեւյալն է` կամ շուտափույթ բացահայտում են հանցագործությունը, որ փրկեն իրենց շատ քիչ մնացած համբավը, կամ չբացահայտելով ապացուցում են, որ իրենք չեն ուզում դա անել:
«Մենք ապացույց ունենք գործի քննության հետ կապված չեմ կարող ասել, թե ինչ ապացույցի մասին է խոսքը: Ոստիկանությունը կհրապարակի այդ ապացույցը, ես ձեզ վստահեցնում եմ: Ի դեպ, ապացույցում հստակ ֆիքսված է մեքենայի պետհամարանիշը, գույնը, տեղանքը: Խոսքը Տոլստոյ փողոցին մասին չէ»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։
Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։





























