«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամները համոզված են, որ փետրվարի 7-ին ծեծի են ենթարկել ոչ թե Արտակ Խաչատրյանին, այլ 58 հազար անհատ ձեռներեցների: Այսօր` փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամներ Արմեն Ներսիսյանն ու Լեւոն Թորոսյանը հայտարարեցին, որ Արտակ Խաչատրյանին ծեծի են ենթարկել` մյուսներին վախեցնելու նպատակով:
«Բայց մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,- նշեցին նրանք:
Լեւոն Թորոսյանի խոսքով` Արտակ Խաչատրյանին ծեծի են ենթարկել իր հասարակական ակտիվության համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։
Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։





























