«Բաշնեֆտ» ընկերության բաժնեմասերի վաճառքի ժամանակ փողերի յուրացման եւ լվացման մեջ մեղադրվող գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքը բողոքարկելու հարցով նիստի հետաձգումը ոչ մի կապ չունի գործարարի առողջական վիճակի հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:
Նա հայտնեց, որ դատարանը նիստը հետաձգել է ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով: Նշենք, որ նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 9-ին:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: Դեկտեմբերին դատարանը եւս 4 ամսով երկարացրել է Հայրապետյանի կալանքի ժամկետը:




























