«Անկեղծ ասած, հիասթափված եմ նամակի անբարյացկամ տոնից», — նշել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված պատասխան նամակում: Հիշեցնենք, որ երեկ Մեդվեդեւը նամակ էր հղել Յուշչենկոյին, որտեղ նրան մեղադրել էր <հակառուսական> քաղաքականություն վարելու մեջ:
«Չեմ կարող չհամաձայնել, որ մեր երկրների միջեւ գոյություն ունեն լրջագույն խնդիրներ, բայց շատ զարմանալի է, որ Մեդվեդեւը կտրականապես մերժում է նաեւ ռուսական կողմի պատասխանատվությունը այդ խնդրում»,- ասել է Յուշչենկոն ու հավելել, որ Կիեւը չէ խաթարված հարաբերությունների պատասխանատուն: Նա նաեւ ՌԴ նախագահին ներկայացրել է մի քանի մեղադրանքներ` Յուշչենկոյի նամակի ոչնչացում, Սևծովյան պայմանագրի խախտում և այլն: Կրեմլից հայտնել են, որ Մեդվեդևը Յուշչենկոյի հետ երկխոսությունը չի շարունակելու:
Այս կապակցությամբ, հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, ասելով. «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի քննադատությունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուսչենկոյի հասցեին դժվար թե օգնի երկու երկրների միջեւ կառուցողական համագործակցությանը: Ուկրաինան անկախ երկիր է եւ իրավունք ունի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք բխում են իր շահերից»:




























