Խորթ հորը՝ ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացի Էվիլիա Գյուլիշթեքինի սպանության համար մեղադրվող, ազգությամբ եզդի 24-ամյա Մաքսիմ Բաքոյանի գործով դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է սկանդալով։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մաքսիմ Բաքոյանի հարազատները, Թուրքիայից ժամանած՝ տուժող կողմի ներկայացուցիչների շարքերում տեսնելով նաեւ Գյուլիշթեքինի երեւանցի ընկերոջը՝ Էդիկ Պողոսյանին, հարձակվեցին նրա վրա՝ պահանջելով, որ նա սատարի ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի քաղաքացուն՝ նրան անվանելով «թուրք եւ սրիկա»։
Էդիկ Պողոսյանը հայտարարեց, որ եկել է ասելու, որ Գյուլիշթեքինին ճանաչել է որպես լավ մարդու, լավ ընկերոջ։ Կողմերի միջեւ սկսվեց քաշքշուկ, նրանց հանդարտեցրին դատական կարգադրիչները։
Բաքոյանի հարազատները վիճեցին նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սուսաննա Մխիթարյանի հետ՝ նրան անվանելով «դավաճան»։
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել։
.jpg)





























