Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունից անցել է ուղիղ 6 տարի, սակայն առ այսօր քննչական մարմինները չեն կարողանում բացահայտել սպանությունը կատարած անձին կամ անձանց:

NEWS.am-ին թղթակցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, գործը գտնվում է ՀԿԳ գլխավոր վարչությունում:

Նշենք, որ փաստի առթիվ դեռ 2009թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում: Այս գործով մեղադրյալ չկա:

Ի դեպ, դեռ 2013թ.-ի մայիսին NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հանձնարարական է ստացել բացահայտել փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը:

«Գեւորգ Մհերյանի գործի բացահայտումը ոստիկանության պատվի հարցն է»,- ասել էր Երեւանի ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի  փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ: