Ռուսական դատախազության ներկայացուցիչները կարող են իբրեւ մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով։
«Կարծում եմ, այո»,- ասել է ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Նա հավելել է, որ այդ մասին խոսակցություն դեռեւս չի գնում, սակայն «կարծում եմ, որ, այո»։ Նրա խոսքով՝ ռազմական դատախազությունը պատրաստ է միանալ գործընթացին, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրիկինը ժամանել էր Երեւան հետաքննության աշխատանքների համակարգման համար։ Ինչպես հայտարարել է Բաստիրիկինը, դատական գործընթացը տըեղի կունենա Հայաստանում հրապարակավ, ինչը «վկայում է երկու կողմերի՝ արդարության եւ արդարադատության հասնելու ձգտումների մասին»։
Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Պերմյակովը իբր թե տառապում է հոգեկան հիվանդությամբ, որի պատճառով նրան չպետք է զորակոչեին բանակ։ Այս պահին Հայաստանի Քննչական կոմիտեն այս լուրերը հաստատող տեղեկություններ չունի։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։





























