Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանն արդեն մի քանի օր է՝ բուժվում է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին ասաց կենտրոնի բժիշկ Կարեն Բաբայանը:

Նա հայտնեց, որ Արսենի մոտ վտանգավոր ոչինչ չկա. «վուլգար փսորիազ» հիվանդությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է:

«Հիվանդությունն այդպիսին է, հենց ցանը շատանում է, տեղափոխվում է հիվանդանոց, 5-10 օր բուժում ստանում եւ դուրս գրվում»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ 2014թ.-ի օգոստոսի 30-ին էլ էր Արսեն Խոջոյանը ընդունվել այդ հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը: Սեպտեմբերի 12-ին Արսենը դուրս էր գրվել, սակայն մեկ շաբաթ անց նորից իրեն վատ էր զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: