Օրերս NEWS.am-ի խմբագրություն էր դիմել մի ընթերցող՝ Երեւան քաղաքի բնակիչ: Տղամարդը դժգոհեց քաղաքապետարանի ներկայացուցիչների գործողություններից, որոնք տուգանել են դարպասից այն կողմ դրված պարկերով շինարարական աղբի համար:

Մեր ընթերցողի խոսքով, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն առանց նախազգուշացնելու համապատասխան փաստաթուղթ են կազմել, եւ հիմա ինքը ստիպված է բավական մեծ տուգանք վճարել: Նրա տունը քաղաքի ծայրամասային թաղամասում է եւ, տուգանվածի պնդմամբ, բացի գեղագիտականից, պարկերը որեւէ այլ անհարմարություն չէին պատճառում: «Եթե ինձ զգուշացնեին, անմիջապես կհեռացնեի դրանք»,- հավաստեց տղամարդը:

Դեպքի առիթով մեր թղթակիցը դիմեց քաղաքապետարան: Գերատեսչության մամուլի ծառայությունում պարզաբանեցին, որ սկզբունքորեն իրենք պարտավոր չեն նախազգուշացնել: «Կարծում ենք՝ յուրաքանչյուր խելամիտ մարդ հասկանում է, որ փողոցն աղտոտելու համար տուգանք է նախատեսվում: Չէ՞ որ դուք աղբ չեք նետի փողոց»,- նշեցին քաղաքապետարանում:

Միանգամայն կիսելով քաղաքի մաքրության հանդեպ քաղաքացիների պատասխանատվության շուրջ փաստարկը, միաժամանակ կարծում ենք, որ, ամեն դեպքում, հարկավոր է կանխարգելիչ նպատակներով զգուշացնել քաղաքացիներին, եւ պահանջը չկատարելու դեպքում միայն տուգանել: Առավել եւս, հաշվի առնելով, որ իրավասու մարմինները նույնպես ոչ միշտ են ամբողջությամբ եւ ժամանակին կատարում իրենց պարտականությունները: