Ամֆիսում (Ֆոկիդա, Կենտրոնական Հունաստան) հնագետները միկենյան ժամանակների դամբարան են հայտնաբերել: Սա Արեւմտյան Լոկրիդայի առաջին նման շինությունն է եւ հազվագյուտ գտածո կենտրոնական Հունաստանում:

Գտածոների նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ դամբարանն օգտագործել են ավելի քան 200 տարի՝ մ.թ.ա. XIII-ից մինչեւ XI դարերում: Հնագետներն այնտեղ մեծ քանակությամբ ոսկորներ են գտել: Ըստ «Գիտություն եւ կյանք» պարբերականի, դրանք հիմնականում տեղակայված են եղել դամբարանի պատի երկայնքով:

Բացի այդ, դամբարանում գտել են 44 նկարազարդ անոթ, 2 բրոնզե, ինչպես նաեւ ոսկե մատանիներ, պղնձե կոճակներ, կիսաթանկարժեք քարերի կտորներ, 2 բրոնզե դաշույն, կանանց եւ կենդանիների արձանիկներ եւ այլն:

Ակնկալվում է, որ գտածոների ուսումնասիրությունը նոր տեղեկություններ կտրամադրի այդ շրջանի պատմության մասին: Միկենյան քաղաքակրթությունը հայտնի է հարուստ մշակույթով, արվեստով եւ ճարտարապետությամբ: Սակայն մ.թ.ա. XIII-XII դարերի սահմանագծին քաղաքակրթությունը ճգնաժամ է ապրել եւ կործանվել է: