Գեղարքունիքի մարզի Ծովազարդի գյուղապետարանը պատրաստվում է օգնել այսօր՝ փետրվարի 11-ի գիշերը տեղի ունեցած հրդեհից նյութական վնասներ կրած Հարութիկ Հակոբյանի ընտանիքին:

NEWS.am-ին համայնքի ղեկավար Արամ Կատվալյանը հայտնեց, որ բարեբախտաբար, հարեւաններն օգնել են, եւ հրդեհն անասնագոմին չի հասել:

«Նախկին հացատան մի մասն է այրվել, անասնագոմին չի հասել կրակը, բայց 1 խոշոր եւ 2 մանր եղջերավոր կենդանի եւ մի քանի էլ հավ են սատկել: Ցավոք, կրակից 25 փեթակ է այրվել: Հակոբյանների ապրուստի հիմնական միջոցը հենց անասնապահությունն է եւ մեղվապահությունը»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ փեթակների մի մասն է միայն հնարավոր եղել փրկել:

Նշենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ փետրվարի 11-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է անասնագոմ, ներսում կան կենդանիներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցի տանիքում, ինչից հարակից անասնագոմում ծխահարվել եւ սատկել են 1 խոշոր ու 2 մանր եղջերավոր կենդանիներ, 2 հավ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել` 05.58-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) եւ 25 փեթակ` մեղուներով: