Հայոց ցեղասպանության հռչակագրի եւ դեռեւս Հայաստանի Հանրապետության ստորագրությունը կրող ու Հայոց խորհրդարանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների միջեւ առկա է հակասություն: Այս մասին նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով այդ հռչակագրի վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին:
Օսկանյանը մասնավորապես, նշել է.
«Հատկանշական են Տեր-Պետրոսյանի դիտարկումները Ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության՝ հռչակագրում տեղ գտած դրույթների մասին, որոնք եւ անմիջականորեն առնչվում են հայ ժողովրդի գաղափարական ընկալման, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։
Այստեղ կա մի շատ ավելի խորը խնդիր, որը վերաբերում է հռչակագրի եւ դեռեւս Հայաստանի Հանրապետության ստորագրությունը կրող ու Հայոց խորհրդարանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների միջեւ առկա հակասությանը։
Շատերը համոզված էին, որ հռչակագրի հրապարակմանը զուգահեռ ոչ միայն խորհրդարանից հետ կկանչվեին արձանագրությունները, այլեւ դրանցից ընդհանրապես հետ կվերցվեին Հայաստանի ստորագրությունները:
Այդ երկու փաստաթղթերի միջեւ առկա հակասությունները, մեղմ ասած՝ թուլացնում են հռչակագրում տեղ գտած Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցերի հաստատումը՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքի ենք հռչակագրում դրանք բարձրացնելու նպատակահարմարության մասին։
Եթե արձանագրությունները վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք ստանալու էին իրավական լրջագույն արժեք՝ ձեռք բերելով պայմանագրի կշիռ։
Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը՝ թեկուզ չվավերացված, մնում է այդ արձանագրությունների տակ, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները առավելապես պայմանավորվում են այդ դրույթներով։
Մի կողմից Հայաստանը ուժի մեջ է թողնում արձանագրությունների՝ «պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նաեւ «երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը» դրույթները:
Մյուս կողմից՝ հռչակագրում շեշտադրում է «1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում», ինչպես նաեւ «կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»։
Այս դիլեման Հայաստանի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է»:
Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով Ցեղասպանության հռչակագրին մի շարք դիտարկումներ էր արել: Մասնավորապես, նա նշել էր, որ որեւէ փաստաթուղթ չի կարող արտահայտել «համայն հայության կամքը», նվաստատցուցիչ էր համարել Ցեղասպանությունը ճանաչելու համար օտար երկրներից շնորհակալություն խնդրելու փաստը, կաղ-վերջնագիր է համարել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Թուրքիային ուղղված կոչը: «Քանի՞ անգամ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե մեր` հայերիս, այլ իրենց` թուրքերի գործն է: Այս առթիվ ավելորդ չեմ համարում հիշեցնել իմ ելույթներից մեկի հետեւյալ հատվածը. «Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Տեր-Պետրոսյանը:
Նա նաեւ անհեթեթ է համարել «պատմական արդարություն» եզրի օգտագործումը հռչակագրում, քանի որ այն «առաձգական ու վերացական» տերմին է, որը չկա միջազգային իրավունքում:
«Մի խոսքով` հրապարակ է հանվել քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ, որն ամենեւին պատշաճ չէ 100-ամյակի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում ըստ էության արծարծելու խիստ անհրաժեշտ նպատակադրությանը: Մինչդեռ եթե Ցեղասպանության խնդիրը դիտվեր բացառապես մարդու իրավունքների, մարդկության դեմ գործված հանցագործության եւ հայ-թուրքական հաշտեցման անհրաժեշտության համատեքստում, ապա հռչակագիրը կարող էր ոչ միայն համաշխարհային լայն արձագանքի արժանանալ, այլեւ դրական քաղաքական հետեւանքներ ունենալ թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի համար»,-ամփոփել է նա:





























