«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Ներսես Մելքոնյանն իր մոտ եղած զենքով կսպաներ գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանին, եթե նրա զենքի փամփուշտները չվերջանային։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց դեպքի ականատես-վկա, նախկին ոստիկան Արկադի Բաղդասարյանը, որը փաստաբանի հետ էր ներկայացել դատական նիստին։
«Գոռը խառնված էր իրար, ցնորված վիճակ էր մոտը, չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Նրա կրակոցից հետո Ներսեսը գոռալով գնաց մեքենայի կողմ, հետո «Վերնիսաժ» մտավ, երբ հետ եկավ, Գոռը վազելով շենք էր մտնում, ասաց՝ փամփուշտներս պրծան, հեսա նայի՝ ոնց եմ քեզ սատկացնում»,-պատմեց վկան՝ նշելով, որ դրանից հետո Գոռը շրջվել, ինչ-որ բան է ասել, որը ինքը չի լսել, եւ մտել է շենք։
Վկա Արկադի Բաղդասարյանը պատմեց, որ ինքը շաբաթ եւ կիրակի օրերին «Վերնիսաժում» է լինում, այնտեղ առեւտրով է զբաղվում եւ այդ օրը տեսել է՝ թե ինչպես 5-6 հոգով ծեծում են իրար։
«Երբ մոտեցա, տեսա՝ երկու հոգով փորձում են ծեծել մեկին, մյուսներն էլ բաժանում են նրանց։ Հավաքվածները կարողացան բաժանել նրանց, Գոռը մոտեցավ մեքենային, նստեց, որից հետո այդ երկու հոգին կարողացան ժողովրդի միջից դուրս գալ, մոտենալ մեքենային։ Ներսեսը նույնիսկ ձեռքը մեքենայի պատուհանից ներս էր մտցնում, փորձում Գոռին մեքենայից դուրս հանել»,-պատմեց վկան։
Նրա խոսքով՝ հավաքվածները ամոթանք են տվել, թե կնոջ ու երեխայի ներկայությամբ ինչպես կարող են իրենց այդպես պահել, նրանք էլ պատասխանել են՝ «Լավ ենք անում, դրա համար էլ ուզում ենք հանենք, դուրսը սատկացնենք, զզվացրեց արդեն, զենքը բերում եմ սրան սատկացնեմ»։
Վկա Արկադի Բաղդասարյանը նաեւ պատմեց, որ Վալերիկն ու Ներսեսը հայհոյել են, ինչին Գոռը չի պատասխանել։ Դատավոր Գագիկ Պողոսյանի մոտ այս հանգամանքը հարց առաջացչեց. ինչպես է հնարավոր, որ տղամարդկանց վիճաբանության ժամանակ կողմերից մեկը չպատասխանի հայհոյանքին, ինչին վկան չպատասխանեց։
Վկան նաեւ պատմեց, որ Գոռ Առաքելյանը կրակել է նաեւ Վալերիկ Հովհաննիսյանի վրա ավտոմեքենայի մեջ, բաց դռան միջով, ինչից հետո Վալերիկը կողքը բռնած դուրս է վազել մեքենայից։
Վկա Արկադի Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Գոռը հավաքվածների ոտքերի ուղղությամբ էր կրակոցներ արձակում։
«Երբ Վալերիկին կրակեց, գնաց դեպի շենք, ինչից հետո Ներսեսը կաղալով դուրս եկավ, նստեց մեքենան ու գնաց»,- ասաց վկան՝ նշելով, որ Գոռի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակ է նկատել։
Դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, քանի որ հակասություններ նկատեց նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ՝ հատկապես Վալերիկ Հովհաննիսյանի վիրավորվելու մասը նկարագրելիս։
Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ միջնորդեց հրապարակել վկայի առերես հարցաքննության ցուցմունքները։ Դատավորը երկու միջնորդությունն էլ բավարարեց։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























