ՀՀ Սահմանադրական դատարանը փետրվարի 10-ին քննության էր առել վարչական գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումների բողոքարկման գործընթացին վերաբերող Վարչական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության  վերաբերյալ գործը:

Սահմանադրական դատարանը Վարչական դատավարության օրենսգրքի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի կարգավորում, որը հնարավորություն կտա մարդկանց բողոքարկելու գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը, արդյունքում բացառելով դրա օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը:

Դատարանը նշել է, որ դատավարական որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք եւ արդյունավետ իրացման հնարավորությունը:

Սահմանադրական դատարանի որոշմամբ նշվել էր նաեւ, որ վարչական դատավարության գործող իրավակարգավորումների պայմաններում հստակեցված չէ թե գործի վարույթը կարճելու մասին դատական ակտը հանդիսանում է գործն ըստ էության լուծող թե  գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտ: Դատարանը արձանագրել է, որ նշյալ իրավական անորոշությունը խնդիրներ է առաջացնում նաեւ իրավակիրառական պրակտիկայում:

Արդյունքում սահմանադրական դատարանը որոշեց, որ, մինչեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման համապատասխան իրավակարգավորումներ նախատեսելն, իրավակիրառական պրակտիկան պետք է ընթանա այն մոտեցմամբ, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով` առաջնորդվելով մարդու եւ քաղաքացու՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի եւ դրա կարեւոր բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք եւ արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ: