Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունը փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը խուզարկություններ է կատարել Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:

NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ խուզարկությունները կապված են Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ սպանության փորձ կատարելուն, ինչպես նաեւ նույն գյուղապետի կողմից ենթադրյալ կասկածյալին առեւանգելու դեպքին:

«Քննչական խումբն այս պահին գտնվում է Աչաջուրում եւ քննչական գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ խուզարկություններ»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ գյուղապետի դեմ սպանության փորձը կատարվել է 2013թ.-ին, իսկ գործով ձերբակալված անձն էլ քննիչներին հայտնել է, որ գյուղապետն ու մի շարք անձինք իրեն առեւանգել եւ ստիպել, որ սպանության փորձն իր վրա վերցնի: Այս դեպքով երկու քրեական գործ կա հարուցված: