Ադրբեջանամետ լոբբին ԱՄՆ-ում հերթական քաղաքական ձախողումն է գրանցել այս անգամ Նյու Հեմփշիրի նահանգի Ներկայացուցիչների պալատում, որը արգելափակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի ազատության դեմ ուղղված եւ հակահայկական  ագրեսիա քարոզող բանաձեւի փաթեթը։ Այս մասին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւելյան շրջանի մասնաճյուղից։

Քվեարկությունից երկու օր առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղական մասնաճյուղը բաց  նամակ էր հրապարակել The Armenian Weekly պարբերականում՝ կոչ անելով օրենսդիրներին զգուշություն ցուցաբերել ադրբեջանական նախագիծը քննարկելիս։ Նախագծի կապակցությամբ մտավախություններ էին արտահայտվել նաեւ դրանից առաջ՝ Օրենսդրական հարցերով հանձնաժողովի կողմից նախագիծը քննարկելու ժամանակ։ Նշենք, որ հանձնաժողովը միաձայն կոչ էր արել Ներկայացուցիչների պալատին դեմ քվեարկել նախագծին։ Սակայն, երբ այդ կոչը անտեսելու փորձ էր արվել, Նյու Հեմփշիրի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Հարի Ազարյանը դիմեկ էր իր գործընկերներին՝ ներկայացնելով հայերի ուղղված Ադրբեջանի գործողություններն ու իրականացրած ջարդերը։ Դրանից հետո նախագիծը հանվել էր օրակարգից, իսկ այնուհետ արգելափակվել ձայների ճնշող մեծամասնությամբ։

«Նյու Հեմփշիրի նահանգի Ներկայացուցիչների պալատը այսօր գործեց՝  «Ապրի՛ր ազատ կամ մեռի՛ր» կարգախոսին համապատասխան՝ հրաժարվելով ենթարկվել Ալիեւի միջազգային քարոզչությանը, որը նպատակ ունի խափանել Արցածի ինքնորոշման իրավունքը։ Մենք ուրախ ենք, որ Նյու Հեմփշիրը  միանում է Կոլորադո, Միսիսիպի, Հարավային Դակոտա, Թեննեսի, Հավայներ եւ Վայոմինգ նահանգներին՝ հրաժարվելով օժանդակել Ադրբեջանի ավազակային իշխանություններին»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւելյան շրջանի մասնաճյուղի խորհրդի նախագահ Սթիվեն Մեսրոպյանը։

«Ցավալի է, որ ադրբեջանական ռեժիմը հայերի հանդեպ ատելություն տարածելու նպատակով շարունակում է ԱՄՆ տարածքում մանիպուլյացիայի, ապատեղեկատվության եւ սադրանքների միջոցով օրենսդիրներին մոլորության մեջ գցելու իր փորձերը։ Մենք մշտապես ականատես ենք լինում, թե ինչպես է Բաքուն ջանքեր գործադրում պատմությունն աղավաղելու եւ Արցախի դեմ ագրեսիա գործադրելու համար պատասխանատվությունից խուսափելու ուղղությամբ եւ նույնիսկ հանցագործություններ է գործում սեփական ժողովրդի հանդեպ։ Մենք շնորհակալ են Աՙմերիկայի հայ դատի  հանձնախմբի արեւելյան շրջանում գործող թիմին եւ Նյու Հեմփշիրի ողջ հայությանը պատմական փաստերը նահանգի օրենսդիր մարմնին ներկայացնելու համար արագ եւ համակարգված ջանքեր գործադրելու համար»,- ասել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։