Գոռ Առաքելյանը ոչ ոքի կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց «Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ իր խոսքերը հիմնավորելով այն հանգամանքով, որ տուժողներ Մյասնիկ Հայրապետյանին, Ալվինա Բադալյանին, Մնացական Սուքիասյանին, ինչպես նաեւ ամբաստանյալներ Ներսես Մելքոնյանին եւ Վալերիկ Հովհաննիսյանին վնասվածքներ պատճառվել են ոտքի եւ որովայնի շրջանում:
«Տուժողների եւ ամբաստանյալների նման վնասվածքներ ստանալը ապացուցում է, որ կրակոցները գետնին են ուղղված եղել: Այդքան մոտ հեռավորությունից հնարավոր էր կյանքից զրկել, բայց Գոռ Առաքելյանը նման դիտավորություն չի ունեցել»,-ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը դատարանում ասաց, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքում իր պաշտպանյալի մոտ հայտնաբերվել է շարունակական ագրեսիվ նևրոտիկ վիճակ` հիշողության ժամանակավոր կորուստով, ինչը խոսում է Գոռ Առաքելյանի հոգեվիճակի մասին:
Դատական նիստը շարունակվում է։ Հետազոտվում են գործով առկա իրեղեն ապացույցները։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























