Իսպանիայի Բարսելոնա քաղաքից ոչ շատ հեռու գտնվող քիմիական գործարանում պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով տուժել է առնվազն 3 մարդ։ Նշենք, որ շրջանում, որը պատվել է թունավոր ամպով, բնակվում է շուրջ 65 հազար մարդ։

Հրդեհ եւ թունավոր ամպ առաջացրած ազոտաթթվի պայթյունը որոտացել է Բարսելոնայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Իգուալադայի վարչական շրջանում։ Տեղի բնակիչներին պայթյունից հետո խորհուրդ են տվել դուրս չգալ տներից, գրում է Vanguardia պարբերականը։  Ավելի ուշ երկրի իշխանությունները ուղղումներ են մտցրել այս ցուցումների մեջ եւ դրանք ուժի մեջ են թողել միայն երեխաների, մեծահասակների եւ շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց  համար։ Երեք մարդ հոսպիտալացվել է թեթեւ այրվածքներով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնագետները հայտարարել են, որ թունավոր ամպն արդեն աստիճանաբար ցրվում է, սակայն նրանք դեռեւս չեն կարող նշել օդի ամբողջական մաքրման ժամկետները։ Դա կախված է եղանակային պայմաններից, նշել են մասնագետները։