Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանում այսօր` փետրվարի 13-ին, «Վերնիսաժի» գործով ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ:

Այդ առնչությամբ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին խնդրեց հրապարակել դեպքի հաջորդ օրը ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի՝ որպես վկա տված նախաքննական ցուցմունքը, որը, ըստ պաշտպանի, գործի փաստական հանգամանքների բացահայտման տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ:

Ցուցմունքի հրապարակված հատվածում ասվում էր. «Մինչեւ իմ վրա կրակելը, ես լսել եմ կրակոցի ձայն, կոնկրետ չեմ հիշում` քանի հատ: Դրանից հետո մեկը դուռը բացեց ու զենքը պահեց փորիս ու կրակեց, ինչ-որ մեկը ասեց՝ կին, երեխա կա մեքենայի մեջ, որը լսեցի մեքենային մոտենալիս: Մեքենայից փախնելիս կրակոց զգացի ձախ ոտքիս։

Երեմ Սարգսյանը, ընթերցելով մեջբերված հատվածը, դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ զենքը ներքեւ է պահած եղել, Գոռը սպանելու դիտավորություն չի ունեցել: Վալերիկ Հովհաննիսյանը դատարանում պնդեց, որ այդ ցուցմունքը ինքը չի գրել:

«Ես տենց ցուցմունք չեմ տվել, չգիտեմ` ով ա տվել, չեմ ճանաչել, չգիտեմ` ով ա եղել, ում ա կրակել, ոնց ա կրակել»,-ասաց Վալերիկ Հովհաննիսյանը:

Նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանն իր հերթին հաստատեց, որ իր պաշտպանյալը երբեւէ նման ցուցմունք չի տվել:

«Կան բժշկական փաստաթղթեր, որոնցում նշված են, որ Վալերիկ Հովհաննիսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալու: Նա նման ցուցմունք չի տվել, ոչ էլ ստորագրությունն է իրանը: Եթե ուզում եք համոզվել, դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացրեք, որը կհաստատի, որ դա Վալերիկը չի գրել»,- ասաց Ալվանդյանը:

Գոռ Առաքելյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել «Վերնիսաժում» շներ վաճառող Վահան Հակոբյանին, որին հայտնաբերելու եւ հարցաքննելու նպատակով քննչական մարմինները լուրջ միջոցառումներ են կիրառել, սակայն այդպես էլ վկայի ցուցմունքը գործի նյութերին չի կցվել, քանի որ ըստ պաշտպանի, նրա ցուցմունքը մեղմացնում, նույնիսկ արդարացնում է Գոռ Առաքելյանի արարքը:

Մեղադրող Հարություն Սարգսյանը միջնորդեց դատարան հրավիրել եւս մեկ ականատես-վկայի`Վարդան Զոհրաբյանին, որի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան:

Դատարանը բավարարեց երկու միջնորդությունները: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 19-ին:

Նշենք, որ դատարաննում քննվող ապացույցների ցանկում էին դեպքի վայրից հայտնաբերված 6 կրակված փամփուշտ, 6 կրակված գնդակ, 6 պարկուճ, 1 գնդակ, ինչպես նաեւ տուժողներ Մնացական Սուքիասյանի, Ալվինա Բադալյանի, Մյասնիկ Հայրապետյանի եւ ամբաստանյալներ Գոռ Առաքելյանի, Ներսես Մելքոնյանի, Վալերիկ Հովհաննիսյանի հագուստները: Իսկ «Մակարով» տեսակի ատրճանակը որպես իրեղեն ապացույց դեռեւս չի կցվել գործին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: