«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ, օրերս ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանին այսօր՝ փետրվարի 12-ին, տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Արտակի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը:
«Այսօր կեսօրին տեղափոխել են հիվանդասենյակ: Մի քանի օր դեռ հաստատ մնալու է այնտեղ: Վիճակը լավ է, կարողանում է վեր կենալ, ուտել, խոսել. օր օրի դեպի լավն է գնում»,- ասաց եղբայրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։





























