Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած եւ այսօր հիվանդանոցում մահացած 47-ամյա Աննա Բադալյանին կհուղարկավորեն փետրվարի 14-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննա Բադալյանի ամուսինը՝ Կարեն Նահապետյանը:
«Հուղարկավորությունը վաղը չէ մյուս օրն է լինելու»,-ասաց նա:
Կարեն Նահապետյանն ասաց, որ երեխայի ապաքինվելուց հետո իրենք ժամանակավորապես ապրելու են քրոջ տանը:
«Տղաս հաստատ այդ տանը չի ապրի, համենայնդեպս, մինչեւ չափահաս դառնալը, դրանից հետո էլ, թող ինքը որոշի: Ես չեմ ցանկանում նրան հոգեբանական ճնշման ենթարկել, առանց այդ էլ շատ բաների միջով անցավ տղաս»,-ասաց նա:
9-ամյա տղայի հորաքույրն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ անծանոթ, նաեւ հայտնի մարդիկ են այցելում երեխային, նրան սննդամթերք եւ փափուկ խաղալիքներ են տանում:
Նշենք, որ 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 03.00-ի սահմաններում, մահացել է՝ շոկային վիճակից դուրս չգալով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է, ամբողջությամբ այրվել է բնակարանը։ Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել 47-ամյա Ա. Ն-ին եւ նրա 9-ամյա Ֆ. Ն.-ին: Դեպքից երկու օր անց մայրը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ մայրը մուրճով հարվածել է երերայի գլխին, ապա բենզինով այրել իրեն ու որդուն։ 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է։ Աննայի ամուսինը, որը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, դեպքից հետո վերադարձել է Հայաստան։





























