ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակիցներն, իրենց անձնական ներդրման միջոցով, ջեռուցման համակարգ են անցկացրել Սահմանամերձ Վերին ճամբարակի մանկապարտեզի հսկայական մասնաշենքի կրտսեր խմբի հարկաբաժնում:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանամերձ Վերին ճամբարակի մանկապարտեզը տարիներ շարունակ ջեռուցվել է վառելափայտով, իսկ անցյալ տարի տեղում փորձել են տարածքը տաքացնել էլեկտրաէներգիայով, որը եւս արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել:
Ընկերության աշխատակիցների աջակցությամբ, առաջին հարկի խոհանոցում տեղադրվել են 500 լ տարողությամբ ջրի բաք եւ պոմպ: Դա թույլ կտա մանկապարտեզն ապահովել ոչ միայն սառը, այլեւ տաք ջրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների միասնական նվիրման արդյուքնում, Վերին ճամբարակի մանկապարտեզի ջեռուցման գործընթացն այլեւս կախված չի լինի բնության քմահաճույքներից, սաներն ու դաստիարակները կմոռանան ժամանակին եղած անհարմարության հետեւանքները` ծխի ներհոսքը եւ արդյունավետության տեսակետից չարդարացված ջերմարձակումը: Ակնհայտ կլինեն նաեւ հասարակության հանդեպ հոգատար այս մոտեցման բնապահպանական օգուտները:
Տարբեր վարչությունների աշխատակիցների աջակցության արդյունքում, միայն 2014թ ընթացքում, ծրագրեր են իրականացվել մի շարք համայնքներում: Մասնավորապես, սահամամերձ Բերքաբեր գյուղի դպրոցը թշնամու գնդակներից պաշտպանելու նպատակով, կառուցվել է պաշտպանիչ երկաթ-բետոնյա պատ, Վեդիում ցանկապատվել է տեղի եկեղեցու տարածքը, Բյուրեղավանի գիշերօթիկում ստեղծվել է լիարժեք կահավորված եւ ներքին ցանցով ապահովված համակարգչային սենյակ, տրամադրվել 4G/Wi-Fi երթուղղիչ, սահմանամերձ Վահան գյուղի դպրոցում կառուցվել է սանհանգույց եւ այլն:





























