Տարեկան ավելի քան 8 մլն տոննա պլաստիկ աղբ է թափվում Համաշխարհային օվկիանոս՝ ոչնչացնելով նրա յուրահատուկ ֆլորան եւ ֆաունան եւ աղտոտելով առափնյա հատվածները։ Նման եզրակացության են եկել մի խումբ ամերիկացի գիտնական օվկիանոսագետներ։

Անալիզի ենթարկելով տարբեր վիճակագրական տվյալներ՝ մասնագետները հաշվարկել են, որ ամեն տարի աշխարհի 192 երկներում  ընդհանուր առմամբ կուտակվում է 275 մլն  տոննա պլաստիկ աղբ, որի 3 տոկոսը թափվում է Համաշխարհային օվկիանոս։ Այդ քանակությամբ պլաստիկ տոպրակները, շշերը, փաթեթները, խաղալիքները ու այլ մանր առարկաները բավարար են դրանցով երկրագնդի բոլոր մայրցամաքների ու կղզիների ափամերձ շրջանները ծածկելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Որպեսզի նման բան տեղի չունենա, փորձագետները առաջարկում են զարգացնել աղբահանության եւ աղբի վերամշակման մշակույթը՝ նաեւ միջազգային կազմակերպություններիր եւ կառավարությունների ֆինանսական օգնության միջոցով։ Հատկապես արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում այս ոլորտին պետք է հատուկ ուշադրություն դարձնել եւ ներդրումներ անել։

Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ ամենամեծ քանակով պլաստիկ աղբ՝ 2.4 տոննա կամ ընդհանուր ծավալի 30 տոկոսը, Համաշխարհային օվկիանոս է թափվում Չինաստանից։ Գլխավոր աղտոտողների թվում են նաեւ Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Շրի Լանկան, Թաիլանդը, Եգիպտոսը, Մալայզիան, Նիգերիան եւ Բանգլադեշը։