ԼՂՀ-ում մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Տարոն Գեդեոնյանը Արմավիրի մարզի Առատաշեն գյուղից է. համագյուղացիները չեն հավատում, որ Տարոնը կարող էր նման բան անել:
«Շատ կարգին տղա է Տարոնը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն է ավարտել ու անցել ծառայության: Չենք հավատում ոչ մեկս, որ Տարոնը կարող էր նման բան անել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Տարոնը 26 տարեկան է, ամուսնացած չէ:
«5 երեխա են, Տարոնն իրենից մեծ քույր ու եղբայր ունի: Նորմալ ապրող ընտանիք է»,- նշեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 10-ին ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը եւ մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետեւանքներ):





























