Հայաստանի Հանրապետությունն ու Գագիկ Ծառուկյան երեւույթն անհամատեղելի է են։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ րթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

Պատգամավորը պարզաբանել է, որ խոսքը գնում է Գագիկ Ծառուկյան երեւույթի եւ ոչ թե Գագիկ Ծառուկյան անձնավորության մասին։ Հասարակության շրջանում հարցեր էին  հնչում, թե ե՞րբ է երկրի նախագահը «բռունցքը սեղանին» խփելու։ «Փետրվարի 12-ին Հայաստանի նախագահը բռունցքը խփեց սեղանին։ Քաղաքական դաշտի մաքրումը նշված երեւույթից, հրամայական էր։  Մեկնարկը տրվեց փետրվարի 12-ին։ Մենք ուղղակի պարտավոր էինք մաքրել քաղաքական դաշտը այդ երեւույթից»,- ասել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ քաղաքական բախման մասին անգամ խոսք գնալ չի կարող, քանի որ երեւույթն ինքն արդեն քաղաքական է։ «Եթե քաղաքական կուսակցությունը վերածվել է կրկեսի, դա չի նշանակում, որ այդ կրկեսը պետք է տարածվի նաեւ պետության վրա»,- հավելել է Արտակ Դավթյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ  Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը չարիք է դարձել երկրի համար»։ Նա նաեւ զրկել էր  Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից եւ խոստացել էր, որ խորհրդարանի նիստերից Ծառուկյանի մշտական բացակայությունների հարցով գործընթաց կսկսվի։