Հայաստանում ամուսնալուծությունների վերաբերյալ հստակ վիճակագրական տվյալներ չկան, սակայն փաստ է, որ վերջին մի քանի տարիներին դրանց թիվն անհամեմատ աճել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ամուսնալուծությունների գծով փաստաբան Լիանա Բալյանը:
«Իմ կարծիքով՝ այսօր ավելի շատ է ամուսնալուծված ընտանիքների թիվը: Փաստացի ամուսնալուծված ընտանիքներ շատ կան, կան նաեւ ամուսիններ, որոնք ամուսնալուծված չեն, սակայն առանձին են ապրում, ու սխալ է ասել, որ կա նման վիճակագրություն»,-ասաց Բալյանը:
Ամուսնալուծությունների գծով փաստաբանի խոսքով՝ Հայաստանում ամենաշատը ամուսնալուծվում են 70-ականների եւ նոր սերունդը:
«90-ական թվականներին արդեն տարածվեց արտագնա աշխատանքը, պատերազմը, եւ դա նպաստեց ամուսնալուծությունների թվի աճին: Իսկ այս նոր սերունդն ավելի թեթեւ է նայում ընտանիքի կառուցմանը: Կարող են շատ ճոխ ամուսնանալ, ճոխ հարսանիք կազմակերպել, հետո երեխաներ ունենալ, հետո ընդամենը ասել, որ մենք միմյանց չենք հասկանում եւ ամուսնալուծվել»,- ասաց փաստաբանը:
Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով էլ՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառներն են արտագնա աշխատանքը, սոցիալական անապահովությունը, խաղամոլությունը, հարբեցողությունը եւ նույնիսկ թաքնված համասեռամոլությունը, չամուսնանալու վախից դրդված ամուսնությունները եւ սոցցանցերը:
«Այսօր բաժանություները շատ հեշտ են տեղի ունենում, քանի որ նախ ինչ-որ վախ է մտել չամուսնանալու, դրա համար, երբ աղջիկը 20-21 տարեկան է դառնում որոշ մարզերում, գյուղերում նա համարվում է տանը մնացած: Այդ վախից աղջիկն ընտրում է ամեն պատահածին, էլ երկար-բարակ չի մտածում եւ ամուսնանում է: Դա ամենառաջին պատճառն է»,- ասաց հոգեբանը:
Իրինա Ծատուրյանը նշեց, որ ըստ իր աշխատանքային պրակտիկայի՝ հոգեբանին այցելելուց հետո գժտված զույգերը հիմնականում հաշտվում են եւ պահպանում ամուսնական կարգավիճակը, իսկ զույգերի 5%-ն ամուսնալուծվում է:





























