Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 17 քաղաքացուց խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ «Էլիտէլեկտրոնիքս» ՍՊԸ-ի տնօրեն Է.Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ մի շարք քաղաքացիներ, ապառիկի պայմանագիր կնքելով, պատրաստ են պայմանագրով նախատեսված՝ վաճառքի ենթակա ապրանքն ստանալու փոխարեն գումարները վերցնել եւ պայմանագրում նախատեսված ժամկետներում վճարումներ կատարել, նպատակադրվել է հիշյալ պատրվակն օգտագործելով գումարներ հափշտակել։
Քննության տվյալներով՝ խարդախության արդյունքում տուժել է 17 քաղաքացի։ Մասնավորապես, 7 տարբեր համակարգչային խանութում հիշատակված քաղաքացիները վարկավորմամբ էլեկտրատեխնիկա ձեռք բերելու պայմանագրեր են կնքել։
Նրանց համաձայնությամբ՝ Է.Մարտիրոսյանը վերցրել է նշված տեխնիկան՝ պարտավորվելով դրանց դիմաց քաղաքացիներին վճարել գումարները, սակայն խոստումը չի կատարել. Այն վաճառել է, որից գոյացած գումարները ծախսել իր անձնական կարիքների համար։ Քաղաքացիներին պատճառված վնասի չափը գնահատվել է 11.361.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:





























