Օրերս Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ։ Զրույցի ընթացքում վեհափառը նախագահին է ներկայացրել Կաթողիկոսությունը, նրա վարչական կազմը և թեմերը։ Արամ առաջինն ընդգծել է, որ Լիբանանի հայկական եկեղեցին գործում է ոչ միայն երկրում, այլև շատ այլ երկրներում։

Վեհափառը նշել է նաև Կիլիկիո կաթողիկոսության միջկրոնական գործունեությունը և դրա շրջանակներում նաև գործունեությունը քաղաքական ու պետական մակարդակներում։ Խոսելով այդ մասին, Արամ Առաջինն ընդգծել է, որ նախորդ մի քանի ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Սիրիայի, Իրանի, Կիպրոսի ու Իտալիայի ղեկավարների, այդ երկրների բարձրաստիճան այլ անձանց և Հռոմի պապի հետ։

Խոսելով լիբանանյան կյանքի իրողությունների մասին, Արամ Առաջինն ընդգծել է, որ չնայած տարբեր կուսակցություններ ներկայացնող հայ պատգամավորների միջև առկա տարաձայնություններին, հայկական համայնքն ինքնին զերծ է այդ ամենից և միշտ էլ կլինի Լիբանանի հետ՝ աջակցելով նախագահին ու երկրի պետականությանը։

Միշել Սուլեյմանն իր հերթին, Արամ Առաջինին տեղեկացրել է կառավարության գործունեության ու ծրագրերի մասին՝ վերջինիս հետ քննարկելով Լիբանանի կյանքի որոշ մանրամասներ։