Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի հարազատները շարունակում են պնդել, որ նա անմեղ է: NEWS.am-ի հետ զրույցում Վաչեի մորաքույրը՝ Իրինա Քալանթարյանը, ասաց, որ իրենք հեռախոսով զրուցել են Վաչեի հետ. նա վստահեցրել է, որ կապ չունի պատահածի հետ: 
«Մենք վստահ էինք, որ ինքը նման բան չէր անի: Հետո երեխեն էլ զանգեց, ասեց՝ մամ ջան, քո թանկ արեւով եմ երդվում, էս սպանության գործի մեջ ես չկամ: Ասաց՝ ես էդ գործից տեղյակ չեմ, Հայկազի հետ շատ լավ ընկերներ ենք եղել, կոնֆլիկտ չենք ունեցել, լավ հարաբերություններ ենք ունեցել: Ինքն էլ էր զարմացած, ասում էր՝ ես չեմ հասկանում՝ ինձ ինչի՞ են բռնել»,- ասաց Իրինա Քալանթարյանը: 

Մորաքույրը պատմեց, որ Վաչեն Վանաձորից է, սովորական ընտանիքից. հայրը շինարար է, ՌԴ-ում է աշխատում, մայրը՝ Վանաձորում որպես վաճառողուհի: Վաչեն իրենից մեծ երկու եղբայր ունի, որոնցից մեկը նույնպես ՌԴ-ում է: 

«Լուրեր են պտտվում, թե եղբայրը նախորդ օրը եկել է, օղի է բերել, բայց եղբայրը մինչեւ հիմա  ինստիտուտ անգամ չի գնացել: Վանաձորից դժվարանում են գալ-գնալ ֆինանսական խնդիրների  պատճառով: Եթե նա գալու լիներ, կգար եղբոր ծնունդի օրը՝ ամսի 24-ին»,- ասաց մորաքույրը:

Իրինա Քալանթարյանը, որը Երեւանում է բնակվում, ավելի հաճախ է հանդիպել Վաչեին: Նրա խոսքով՝ տղան երբեք խնդիրներ չի ունեցել ինստիտուտում, ավելին՝ պատմել է, որ լավ հրամանատարներ ու ընկերներ ունի: Մորաքույրը բացառում է, որ նման տղան, որը մինչեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելը «Փոքր Մհեր» ռազմական վարժարանում է սովորել, բարձր առաջադիմություն ունեցել, կարող էր նման բան անել: 

«Միշտ ես էի գնում ծնողական ժողովներին, գովում էին իրեն: Երբեք չի եղել, որ ասեն՝ կռվի մեջ  ա ընկել: Ինքը ընկերների կողմից սիրված էր, խեղճին հասնող երեխա էր, բարի: Իր հրամատարներն էլ են իրեն շատ սիրել, միշտ ասում էին՝ մեր լոռեցին եկավ: Վաչեն ընդունակ չէր նման բան անելու: Եթե տեսներ՝ նման բան կա, իր կյանքի հաշվով չէր թողնի: Նա նույնիսկ կողքից չէր կանգնի, նայի, չէր թողնի, որ ծեծեին»,- ասաց մորաքույրը՝ նշելով, որ Վաչեն պատմել է, որ ոչ ինքը, ոչ մեղադրվող մյուս տղաները սպանված Հայկազի հետ նույն սենյակում չեն գիշերել: 

Իրինա Քալանթարյանը դեպքից հետո հանդիպել է մյուս մեղադրվողներ Մովսես Ազարյանի եւ Նորիկ Սահակյանի ծնողների հետ, նրանք նույնպես չեն հավատում որ իրենց որդիները մասնակցել են սպանությանը, եւ նույնպես պատրաստվում են պայքարել իրենց խոսքով իրական մեղավորներին գտնելու համար:

Հիշեցնենք, որ գործով մեղադրվողներից մեկն էլ ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է՝ Գնել Թեւոսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են: