Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենայի վիճակը կայուն ծանր է, կան դրական փոփոխություններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
«Մեր ցանկացած ուղղությամբ է ընթանում երեխայի առողջական վիճակի փոփոխությունը, երեխայի վիճակը կայուն ծանր է՝ քիչ-քիչ մոտենում է միջին ծանրության վիճակին։ Հոգեբանական ապրումներ էլ ունի, այդ պատճառով երեխայի հետ հոգեբաններ են աշխատում»,-ասաց Նիկոլայ Դալլաքյանը։
4-ամյա Ելենայի տատիկը՝ Ելենա Լեբեդեւան, մեզ հետ զրույցում ասաց, որ երեխան դեռ չի կարողանում ազատվել այդ օրվա ծանր հիշողություններից։
«Երեխան վախեցած է, գիշերը անընդհատ ճչում, քնից վեր է թռչում, ասում է՝ չէ, չէ, չէ, կարծես էդ ամեն ինչը վերհիշում է»,-պատմեց տիկին Ելենան։
Նրա խոսքով՝ երեխան դեռ չգիտի, որ ոտքի թաթը անդամահատել են։
«Ծնողները երեխային շեղում են, որ ցավերը չհիշի, անընդհատ ասում է՝ պապա, ոտքերիս տակը բան կա, ցավում է»,- պատմեց Ելենա Լեբեդեւան։
Նշենք, որ փետրվարի 6-ին 4-ամյա Ելենային վիրահատել էին, հեռացրել ձախ ոտքի թաթը։
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր մորական տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը նույնպես վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն: Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, որն իր ինքնախոստովանական ցուցմունքում ասել է, որ խանդի հողի վրա է արել այդ ամենը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետեւանքով Անահիտ Խ.-ն եւ 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:





























