Այսօր կառավարությունում Հայաստանի եւ Ռուսաստանի օլմպիական կոմիտեները ստորագրել են համագործակցության պայմանագիր։ Այդ առթիվ Հայաստանում է գտնվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը, որն այդ երկրի կառավարությունում կոորդինացնում է սպորտն ու սոցիալական ոլորտը։ Մասնավորապես՝ Ա. Ժուկովը ղեկավարում է Սոչիի օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանը շահագրգռված է շինարարական պատվերներ ստանալու կամ շինանյութեր (մասնավորապես՝ ցեմենտ) մատակարարելու Սոչիում կառուցվող օբյեկտների համար։
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ռուսական կողմից՝ Ա. Ժուկովը։
Արարողակարգից հետո տեղի ունեցած ասուլիսում Տ. Սարգսյանը տեղեկացրեց, որ Սոչիի օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներին մասնակցության հարցերը քննարկվել են Ա. Ժուկովի հետ։ Սակայն դատելով նրա խոսքերից՝ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ ձեռք չեն բերվել։ «Մենք ընդհանուր սկզբունքներ ենք քննարկել, կշարունակենք մեր աշխատանքը, որ ավելի կոնկրետ պայմանավորվածությունների վերածենք դրանք»,- ասաց Տ. Սարգսյանը։
Տ. Սարգսյանի եւ Ա. Ժուկովի հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ 2 երկրներում ընթացող սոցիալական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ սոցիալական, կրթական, կենսաթոշակային ոլորտներում։
Նշենք, որ Ռուսաստանը պատրաստվում է 950 մլրդ ռուբլի (մոտ 25 մլրդ դոլար) ծախսել Սոչիի օլիմպիադայի նախապատրաստման նպատակով, որը 10 անգամ ավելի է, քան Թուրինի, Սոլթ-Լեյք-Սիթիի եւ Վանկուվերի ձմեռային օլիմպիադաներում ծախսվածը։




























