Մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում  առաջադրվել է 5 թեկնածու, ավելին՝ ՀՀԿ անդամնրը առաջադրվել են միմյանց դեմ: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ բացի Արմավիրի գործող քաղաքապետ, Ռուբեն Հայրապետյանի խնամի՝ Ռուբեն Խլղաթյանից՝ ընտրություններին առաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին Արտակ Գեւորգյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Ընտրություններին ինքնառաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Այսքանով սակայն առաջադրված ՀՀԿ-ականների ցուցակը չի ավարտվում: Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին, ժամը 18.00-ին, ավարտվել է թեկնածությունները առաջադրելու ժամկետը: Առաջադրված թեկնածուների գրացումը իրականացվելու է փետրվարի 13-18-ն ընկած ժամանակահատվածում: Փետրվարի 18-ից հետո պարզ կլինի, թե ովքեր կմնան պայքարի մեջ եւ ովքեր ինքնաբացարկ կհայտնեն: