ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Արման Սերգեյի Օսիպյանը տան կրտսերն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզի Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը:

Նա նշեց, որ ընտանիքում երկու եղբայր են, ավագը պայմանագրային զինծառայող է, իսկ Արմանը՝ ժամկետային: Ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, հայրը չի աշխատում, մայրը գյուղապետարանի հավաքարարն է, ունեն մեծահասակ պապիկ: «Արտակարգ, խելացի, բոյով, սիրուն երեխա էր, դպրոցն ավարտել է, տարել են բանակ, մեր երեխան էր»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ ոչինչ չգիտեն դեպքի մանրամասներից, իրեն փոխանցել են, որ երիտասարդը մահացել է դիրքում:

Նշենք, որ Արման Օսիպյանը զորակոչվել է 2013թ աշնանը: Զինածառայողը մահացել է տեղում: Նախնական տեղեկություններով՝ զինվորը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտվելու արդյունքում: Դեպքի առթիվ առաջիկայում գործ կհարուցվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացուհրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնվածԱրման Սերգեյի Օսիպյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: