Հունվարի 28-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացել, որ գլխուղեղի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա Արամ Մ.-ն, որը հայտնել էր, որ Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց վայր է ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել էր, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Երեւանի Մարգարյան փողոցում գտնվող դպրոցի խաղահրապարակում անհայտ անձը վիճաբանել է Արամ Մ.-ի եւ նրա ընկերոջ` 18-ամյա Հայկ Մ.-ի հետ, որի ժամանակ բռունցքով հարվածել է Հայկ Մ.-ի ծնոտին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամ Մ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 16-ամյա Հարություն Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ հայտնել, որ հիշյալ վիճաբանության ժամանակ ինքը ձեռքով ու փայտով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել Արամ Մ.-ին:
Կատարվում է քննություն:





























