2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված Կարեն Կունգուրցեւն առաջին անգամ չէ, որ դիմում է գլխավոր դատախազին: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նա հայտնեց, որ Կարենը դեռ նախաքննության ընթացքում է մի քանի անգամ դիմել դատախազություն, սակայն երբեք դիմումներին ընթացք չի տրվել:
«Առաջին անգամ է, որ դատախազությունն ընթացք է տալիս եւ գործն ուղարկում Հատուկ Քննչական ծառայություն: Կարենը բողոքում է, որ երբ իրեն ոստիկանության բաժին են բերել, ստիպել են թղթեր ստորագրել, ինքը հրաժարվել է եւ իր նկատմամբ բռնություն է եղել»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Կարեն Կունգուրցեւը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին բերման ենթարկվելուց հետո հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ ստիպելով ընդունել, որ հանցագործությունը ինքն է կատարել:
Կարենը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ սպանության փորձը կատարել է այլ անձ, որի հայրը զբաղեցրած պաշտոնի բերումով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Լոռու մարզի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջիններս նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության կատարումը մեղսագրել են իրեն:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում`վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:





























