Կանադացի հոգեբանները պարզել են, թե որն է խաղաքարտերով հնարքների գաղտնիքը: Մաքգիլի համալսարանի եւ Կոլումբիայի բրիտանական համալսարանի հետազոտողները երկու գիտափորձ են անցկացրել: Առաջինում Ջեյ Օլսոնը՝ նոր հետազոտության հեղինակ եւ պրոֆեսիոնալ աճպարար, փողոցում 118 մարդու է մոտեցել: Գիտնականը, խաղաքարտերը խառնելով, կամավորներին խնդրել է նայել դրանց եւ մտապահել որեւէ մեկը: Ընդ որում, նա այնպես է արել, որ խաղաքարտերից մեկը (թիրախայինը) մյուսներից ավելի նկատելի լինի:
Մասնակիցների շուրջ 98%-ը հենց թիրախային խաղաքարտն են ընտրել: Հարցված 10 հոգուց 9-ը, սակայն, հայտարարել է, որ ազատ ընտրություն է կատարել:
Երկրորդ փորձի ընթացքում հետազոտողները խաղաքարտերով հնարքի համակարգչային տարբերակն են ստեղծել: Մասնակիցներն էկրանին 26 քարտ են տեսել: Ընդհանուր առմամբ, մասնակիցները «թիրախային» խաղաքարտն ընտրել են 30% դեպքերում: Դա բավական բարձր տոկոս է, սակայն զգալիորեն ցածր, քան առաջին գիտափորձի պարագայում:
Ըստ Psych Central-ի, հետազոտողները ենթադրում են, որ լաբորատոր պայմաններում բացակայում են սոցիալական եւ իրավիճակային մի շարք գործոններ, որոնք ազդում են մարդկանց որոշման վրա: Օրինակ՝ ընտրության դեպքում մարդկանց վրա կարող են ազդել աճպարարի անձը, իրենց ակնկալիքները, խաղաքարտն արագորեն ընտրելու անհրաժեշտությունը:





























