Երեւանի Էրեբունի համայնքի բնակչուհի Սիրանույշ Չփլախյանին եւ նրա ընտանիքին ԴԱՀԿ-ն երկու շաբաթ ժամանակ է տվել տունն ազատելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրանույշ Չփլախյանը, որը, հիշեցնենք, պնդում է, որ տուժել է Կառավարության նախկին աշխատակից Նունե Պլուզյանի գործունեության հետեւանքով։

Չփլախյանի խոսքով՝ եթե մինչեւ վերջնական դատական ակտ կայացնելը դատարանը վտարումը կասեցնելու վերաբերյալ իրենց միջնորդությունը չբավարարի, իրենք կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից եւ կլքեն Հայաստանը:

«Հարկադիրը վերապահությամբ 2 շաբաթ ժամանակ է տվել: Բայց եթե միջնորդությունը չբավարարի, դժվար թե դատավճիռը մեր օգտին կայացնի։ Էլի ստացվեց, որ Նունեն իր կապերն աշխատացրել է: Եթե դատարանը մեր միջնորդությունը չբավարարի, երկրից գնալու ենք, էսքանից հետո չենք պատրաստվում պայքարել: Քաղաքացիությունից հաստատ հրաժարվելու ենք, դուրս գնանք, որովհետեւ վաշխառուների դեմ էս երկիրը չի կարող, ուղղակի անզոր ա»,- ասաց Չփլախյանը: 

Սիրանույշ Չփլախյանի խոսքով՝ իրենց բողոքի արդյունքում Նունե Պլուզյանը տարեսկզբին ազատվել է աշխատանքից, սակայն չեն կարծում, որ դա կօգնի վերադարձնել իրենց տունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ըստ Սիրանույշ Չփլախյանի՝ 2011թ. ինքը «տոկոսով»  գումար է վերցրել Նունե Պլուզյանից, տունը առուվաճառքի պայմանագրով ձեւակերպել Նունե Պլուզյանի մորեղբոր տղայի՝ Հրայր Բաբայանի անվամբ՝ պայմանավորվելով, որ գումարը վերադարձնելոց հետո Նունե Պլուզյանը տունը պետք է ձեւակերպի իրենց անվամբ, սակայն այժմ Նունեն հրաժարվում է տունը վերադարձնել նույնիսկ 40 000 դոլար վճարելու պայմանով, եւ ստիպում է իրենց լքել տունը։ Նունե Պլուզյանը հերքում է այս մեղադրանքը՝ վստահեցնելով, որ տունը գնել է իր մորեղբոր տղան, իսկ ինքը «տոկոսով» գումար չի տվել: Հրայր Բաբայանը վտարման պահանջով դիմել է դատարան: